Համբարձման տոնը Հայաստանում

Համբարձում, նշվում է Զատիկից ուղիղ քառասուն օր հետո, հինգշաբթի։ Թե՛ տոնի անունը, թե՛ նշելու օրը եկեղեցական օրացույցով բացատրվում է Ավետարանի այն պատմությամբ, ըստ որի Հարություն առնելուց հետո Քրիստոսը քառասուն օր շրջում է երկրի վրա և ապա համբառնում։ Այս տոնը երևույթների այն դասական շղթայում է, երբ քրիստոնեությունը ժողովրդական տոները կատարման ժամանակով հարմարեցնում էր քրիստոնեական պաշտոնական գաղափարախոսությամբ պայմանավորված արարողություններին, նախաքրիստոնեական Հայաստանի ժողովրդական կենցաղում կարևոր դեր խաղացող գարնանային վերջին տոնը, փաստորեն կատարման ժամանակով համապատասխանեցվեց քրիստոնեական տոնացույցի Քրիստոսի Համբարձման տոնին։

Վիճակ

Տոնական հանդիսությունների բովանդակային ու կատարողական կողմերը, սակայն, մնացին հավատարիմ իրենց նախնական ձևերին Համբարձման, կամ, ժողովրդական լեզվով Վիճակի տոնահանդեսը խորհրդանշում է հասարակության և բնության կապը բնության բեղունության շրջանում, երբ մարդիկ ջանում էին իրենց հասկանալի միջոցներով նպաստել հողի մեջ գցված հատիկի աճին և միաժամանակ հաղորդակցվել բնության այդ պահի խիստ ակնառու զորությանը։ Համբարձման չորեքշաբթի լույս հինգշաբթի գիշերը համարվում էր այդ զորության խտացված արտահայտության պահը՛ դա գուշակությունների, հրաշքների ու կախարդանքի գիշերն էր, մեկը մյուսից խորհրդավոր, դրական ու բացասական։ Հավատում էին, որ տարին մի անգամ, Համբարձման գիշերը, աստղերը երկնակամարի տարբեր կողմերից գալիս միանում, ջերմ համբույրով գրկախառնվում էին և դարձյալ վերադառնում իրենց տեղերը։ Այդ համբույրին ականատես մարդկանց տվյալ պահին արտահայտված բոլոր խնդրանքներն իբր կատարվում էին։ Համբույրի պահին ողջ տիեզերքը մի ակնթարթ կանգ է առնում, կանգ են առնում և մի պահ շունչները պահում ծառ ու ծաղիկջրերըմարդիկ ու անասունները, որին անմիջապես հաջորդում է համընդհանուր ողջագուրանքը, համբուրվում, միմյանց ողջունում են երկինքն ու երկիրը, ծառերն ու ծաղիկները… Անմիջապես հետո ծառերն ու ծաղիկները սկսում են խոսել, միմյանց պատմել, թե իրենք ի՞նչ ցավի դեղ են, կամ իրենց արմատի մոտ ի՞նչ կա, և իբրև թե այդ պահին կարելի է հասկանալ նրանց լեզուն։ Այդ գիշեր բազմաթիվ կանայք դուրս էին գալիս դաշտերը բուժիչ խոտեր հավաքելու։ Հատուկ բուժիչ, առատացնող զորություն էր վերագրվում այդ գիշեր նստած ցողին, որը հավաքում, ջրի հետ խառնելով լողանում էին, լվանում մազերը, իսկ բորոտները թավալվում էին ցողով օծված կանաչների վրա։ Հավաքում էին մեծ քանակությամբ ծաղիկներ և միմյանց ծաղկեփնջեր նվիրաբերում, ծաղիկների, կանաչների և այլ միջոցներով գուշակություններ էին անում իրենց ապագայի վերաբերյալ։ Համբարձման գիշերը գործունյա էին դառնում նաև չար ուժերը։ Ըստ ժողովըրդական պատկերացումների նրանք կարող էին հարս ու աղջիկ փախցնել, կովերի կաթը ցամաքեցնել և այլն, ուստի մարդիկ դիմում էին նաև չարխափան միջոցների։ Վանում, օրինակ, կանայք ավել էին հեծնում և յոթ անգամ տան շուրջը պտտվում տունը չարքերից պաշտպանելու համար, շատերն անասունները գոմից հանում և ողջ ընտանիքով անասունների հետ միասին բացօթյա էին անցկացնում վստահ, որ չարքերը բաց տարածությունում անուժ են դառնում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *